27/05/2026
🌱 Արդյունավետ և բովանդակալից հանդիպում բուսաբուծության ոլորտի միջազգային փորձագետի հետ
«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ PUM Նիդեռլանդների Ավագ Խորհրդատուներ կազմակերպության փորձագետ Պիտեր դե Գրոտի մասնակցությամբ սեմինար-քննարկումը՝ նվիրված բուսաբուծության, սերմնարտադրության և ոլորտային համագործակցության հնարավորություններին։
Հանդիպումն անցավ ակտիվ և արդյունավետ մթնոլորտում՝ համախմբելով ոլորտի տարբեր ներկայացուցիչների։
Միջոցառմանը ներկա էին՝
🔹 ԳՀՀԿ-ի հետազոտությունների բաժնի աշխատակիցներ,
🔹 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի գիտնականներ և ոլորտի մասնագետներ,
🔹 ֆերմերներ,
🔹 սերմերի և տնկանյութի արտադրողներ,
🔹 հավաստագրված սերմերի ներկրողներ և արտադրողներ,
🔹 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,
🔹 Սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնի բույսերի պաշտպանության գծով մասնագետ,
ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ մասնակիցներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին PUM ծրագրի հնարավորությունները, միջազգային փորձագիտական աջակցության ձևաչափերը, ինչպես նաև սերմնարտադրության, սերմերի որակի ապահովման, հավաստագրման և բուսաբուծության զարգացմանն առնչվող հարցեր։
Հանդիպումն ուղեկցվեց ակտիվ հարցուպատասխանով և մասնագիտական քննարկումներով։ Մասնակիցների կողմից բարձրացվեցին ոլորտային մի շարք գործնական հարցեր, իսկ հանդիպման ավարտին մի շարք մասնակիցներ հայտնեցին հետաքրքրվածություն՝ դիմելու և հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու վերաբերյալ։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության և արդյունավետ քննարկման համար։
https://www.facebook.com/share/p/1AnxWwuer7/
#ԳՀՀԿ #Բուսաբուծություն #Սերմնարտադրություն #ՄիջազգայինՀամագործակցություն #Գյուղատնտեսություն
20/05/2026
📢 «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ում կկայանա միջազգային համագործակցությանն ուղղված սեմինար-քննարկում
2026 թվականի մայիսի 26-ին, ժամը 12:00-ին, «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ում կանցկացվի սեմինար-քննարկում՝ կազմակերպված PUM Նիդեռլանդների Ավագ Խորհրդատուներ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից։
Հայաստան կժամանեն ժամանել PUM կազմակերպության ոլորտային փորձագետներ՝
🔹 Պիտեր դե Գրոտ — սերմնարտադրության, սերմերի վերամշակման, պահպանման, ծլողունակության ստուգման, հավաստագրման, ինչպես նաև դաշտային և այգեգործական մշակաբույսերի արտադրության ոլորտների մասնագետ,
Հանդիպման ընթացքում կներկայացվեն՝
✅ PUM ծրագրի հիմնական ուղղությունները,
✅ համագործակցության հնարավորությունները,
✅ միջազգային փորձագիտական խորհրդատվության և մասնագիտական աջակցության ձևաչափերը։
Կից նաև PUM ծրագրի մասին՝ https://docs.google.com/presentation/d/1pYjHm5lnt-nEFkJKVTf7EK6nHiN3JXmZ/edit?usp=sharing&ouid=105894317003046930559&rtpof=true&sd=true
Սիրով հրավիրում ենք ոլորտի ներկայացուցիչներին՝
🌱 ֆերմերներին,
🌾 սերմարտադրողներին,
🌿 տնկանյութ արտադրողներին,
🏛 գիտական և կրթական հաստատությունների ներկայացուցիչներին,
ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրված բոլոր շահագրգիռ անձանց։
📩 Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ ուղարկելով նամակ [email protected] էլ․ հասցեին մինչև մայիսի 22-ը 2026թ., ժամը 16:00-ն ՝ նշելով․
▪️ անուն, ազգանուն,
▪️ կազմակերպության անվանումը (առկայության դեպքում),
▪️ մասնակիցների թիվը,
▪️ հետաքրքրվածության ոլորտը / ուղղվածությունը։
(տեղերը սահմանափակ են, խնդրվում է նախապես գրանցվել)
📍 Վայրը՝
«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ
Մերձավան, Երևանյան խճուղի, 2-րդ փակուղի, շենք 4
https://maps.app.goo.gl/5R8PGsfi6PZFtN366
📅 Ամսաթիվ՝ 26 մայիսի, 2026
🕛 Ժամը՝ 12:00
#ԳՀՀԿ #Գյուղատնտեսություն #ՄիջազգայինՀամագործակցություն #Սերմնարտադրություն #Անասնապահություն
Center for agricultural research and certification · երկրորդ փակուղի շենք, 4 Երևանյան խճուղի, Merdzavan 1139, Armenia
Agricultural organization
07/05/2026
Մայիսի 5-ին «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Մերուժան Զադայանը ընդունեց Ավստրիական զարգացման գործակալության (ADA) շրջանակներում իրականացվող ծրագրի ներկայացուցիչներ պարոն Արթուր Գոմկցյանին և պարոն Ռուբեն Սարուխանյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են GAIA II («ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» II փուլ) ծրագրի շրջանակներում իրականացվող ելակետային ուսումնասիրության հիմնական ուղղությունները, մասնավորապես՝
• հավաստագրված սերմերի շուկայի ներկայիս վիճակը,
• ոլորտում առկա հիմնախնդիրներն ու բացերը,
• զարգացման և աջակցության հնարավորությունները։
Կարևորվել է սերմերի հավաստագրման համակարգի դերը գյուղատնտեսության կայուն զարգացման, արտադրողականության բարձրացման և ֆերմերների վստահության ամրապնդման գործընթացում։
Կողմերը քննարկել են նաև հնարավոր համագործակցության շրջանակները՝ ուղղված ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, լաբորատոր և փորձագիտական ներուժի ամրապնդմանը, ինչպես նաև ժամանակակից մոտեցումների ներդրմանը։
Հանդիպման ավարտին վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու մասնագիտական երկխոսությունը և ձևավորելու գործնական համագործակցության հիմքեր՝ ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով։
#ԳՀՀԿ
#Գյուղատնտեսություն
#ՍերմերիՀավաստագրում
#ԿայունԳյուղատնտեսություն
21/04/2026
Այսօր «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում EU-GAIA ծրագրի շրջանակում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կենտրոնի կարողությունների զարգացման, սերմերի հավաստագրման համակարգի բարելավման, ինչպես նաև լաբորատոր ենթակառուցվածքների և տեխնիկական հագեցվածության հետ կապված մի շարք կարևոր հարցեր։
Ծրագրի գործընկերների կողմից ներկայացվեց նաև կարիքների գնահատման (Needs Assessment) հարցաշար, որի նպատակն է համակողմանիորեն գնահատել կենտրոնի ներկայիս կարողությունները և բացահայտել զարգացման առաջնահերթ ուղղությունները։
ԳՀՀԿ թիմը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն մասնակցել գործընթացին՝ ներկայացնելով ոլորտի իրական կարիքները, ինչպես նաև առաջարկություններ՝ ուղղված սերմերի փորձարկման, հավաստագրման և որակի վերահսկման համակարգերի կատարելագործմանը։
Հանդիպման ընթացքում ընդգծվեց նաև մասնագիտական կարողությունների զարգացման, վերապատրաստումների և միջազգային փորձի փոխանակման կարևորությունը։
Շնորհակալություն մեր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։
#ԳՀՀԿ #գյուղատնտեսություն #սերմնաբուծություն #հավաստագրում #համագործակցություն
14/04/2026
🎊Տեղի ունեցավ տնկանյութի դաշտային հետազոտողների (ապրոբատորների) հավաստագրման ոլորտի մասնագետների պատրաստման դասընթացի ավարտական միջոցառումը ։
07/04/2026
🌸 Սիրելի գործընկերուհիներ, հարգելի մայրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ։
Այս օրը գեղեցիկ առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու ձեր կարևոր դերը թե՛ մեր կազմակերպության զարգացման, թե՛ հասարակության մեջ՝ ձեր ամենօրյա նվիրումով, հոգատարությամբ և պատասխանատվությամբ։
Մեր թիմում ձեր ներկայությունը ձևավորում է այն արժեքային միջավայրը, որտեղ համադրվում են պրոֆեսիոնալիզմը, վստահությունը և մարդկային ջերմությունը։ Ձեր ներդրումը տեսանելի է մեր յուրաքանչյուր ձեռքբերման մեջ։
Որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ ցանկանում եմ նաև ընդգծել, որ շարունակելու ենք զարգացնել այնպիսի աշխատանքային մշակույթ, որտեղ յուրաքանչյուրի մասնագիտական ներուժը գնահատվում և արժևորվում է։
🌷 Թող այս տոնը ձեզ բերի առողջություն, ներդաշնակություն և նոր հաջողություններ։
Հարգանքով՝
Մերուժան Զադայան
Տնօրենի ժ/պ
06/04/2026
🤝ՀՀ Կառավարությունը հաստատել է «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը»
ՀՀ Կառավարությունը հաստատել է «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը»
🌱 Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝
🔸 գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,
🔸 հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,
🔸 բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ։
13/03/2026
📌«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀԱՍՏԻՔ՝ Ագրոնոմ
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ՝ ամբողջ դրույք
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` երկարաժամկետ
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 13.04.2026թ․
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
• տնկանյութի հավաստագրման գործընթացի կազմակերպում և վերահսկում՝ ՀՀ օրենսդրությամբ և կառավարության որոշումներով սահմանված կարգով,
• հայտատուների կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունում, վավերացում և հաշվառում,
• տնկանյութի նմուշառում, դաշտային հետազոտությունների կազմակերպում և արձանագրությունների պատրաստում,
• լաբորատոր և բուսասանիտարական փորձաքննությունների իրականացում/կազմակերպում,
• հավաստագրերի և պիտակների տրամադրման գործընթացի իրականացում,
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ՝
• բարձրագույն կրթություն՝ ագրոնոմիա, ագրոէկոլոգիա, անտառային տնտեսություն, պաշտպանված գրունտի տեխնոլոգիա, բույսերի պաշտպանություն, սելեկցիա-գենետիկա կամ կենսաբանություն մասնագիտությամբ,
• օրենսդրական և նորմատիվ փաստաթղթերի «Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակից նմուշառման կարգ»-ը և «Սերմերի և տնկանյութի մասին» ՀՀ օրենք) իմացություն,
• գիտելիքներ սերմերի և տնկանյութի որակի գնահատման, սորտային առանձնահատկությունների պահպանման, բուսասանիտարական և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման վերաբերյալ,
• վերլուծական հմտություններ, պատասխանատվություն, թիմային աշխատանքի ունակություն,
• առնվազն երկու տարի և ավել մասնագիտական աշխատանքային փորձ,
• համակարգչային ծրագրերի (Word, Excel,) հմուտ կիրառման գիտելիքներ,
• հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
• բազմաբնույթ գործառույթների պատշաճ իրականացման և ժամկետների վերահսկման կարողություն:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
250,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները)
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը հայերեն լեզվով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին` թեմայի դաշտում նշելով «Ագրոնոմ» հաստիքի անվանումը։ Հարցազրույցի վերաբերյալ կտեղեկացվեն միայն ցուցակագրված դիմորդները: Հարցերի համար կարող եք կապ հաստատել՝ 060 50 06 77 կամ 095 50 06 77 հեռախոսահամարներով:
12/03/2026
📌ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍ-ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՂ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀԱՍՏԻՔ՝ գյուղատնտես-սորտափորձարկող
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ՝ լրիվ
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` երկարաժամկետ
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 12.04.2026թ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է գյուղատնտես-սորտափորձարկող թափուր աշխատատեղի մասին։ Գյուղատնտես-սորտափորձարկողը մասնակցելու է գյուղատնտեսական մշակաբույսերի պետական սորտափորձարկմանը, սելեկցիոն նկարագրությունների կազմանն և պետական գրանցամատյանների վարմանը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
• իրականացնել գյուղատնտեսական մշակաբույսերի պետական սորտափորձարկումներ տարբեր հողակլիմայական պայմաններում, բազմակողմանի ուսումնասիրել և մասնակցել առավել արժեքավոր սորտերի արտադրական շրջանցման աշխատանքներին ու սորտաին բազմազանության գնահատումանը,
• իրականացնել ստուգիչ ցանքեր և դաշտային հետազոտություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց դաշտերում,
• համեմատել փորձարկվող նոր սորտերը ստուգիչ և էտալոն հանդիսացող լավագույն սորտերի հետ,
• փաստաթղթավորել ամփոփված տվյալները, ներկայացնել փորձագիտական խորհրդին, պատրաստել եզրափակիչ հաշվետվություն,
• ընդունել բույսերի նոր սորտերի հայտեր՝ արտոնագրերի խնդրարկման և օգտագործման թույլտվության համար, ձևակերպել դրանց պաշտոնական հրապարակմանը,
• կազմակերպել սելեկցիոն նվաճումների տարբերիչ առանձնահատկության, միատարրության, կայունության և տնտեսական օգտակարության պետական փորձարկումներ, կազմել սելեկցիոն նկարագրություններ,
• վարել սելեկցիոն նվաճումների վերաբերյալ պաշտոնական տեղեկագիրը և պետական գրանցամատյանը,
• կազմակերպել սելեկցիոն նվաճման արտոնագրի և հեղինակային վկայականների տրամադրման գործընթացը,
• օժանդակել Հայաստանի Հանրապետության պետական չափորոշիչներով սահմանված կարգով բարձր վերարտադրության սերմերի հավաստագրման գործընթացին,
• մասնակցել Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի դաշտային հետազոտողի կատարողի (ապրոբատորի) հավատարմագրման դասընթացի կազմակերպման աշխատանքներին,
• վարել հետևյալ գրանցամատյանները, այդ թվում «Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր արտադրողների, ներկողների և արտահանողների», «Սելեկցիոն նվաճումների արտոնագրի խնդրարկման և օգտագործման թույլտվության հայտերի գրանցման», «Օգտագործման թույլտվություն ստացած նոր սորտերի գրանցամատյանը», «Բույսերի նոր սորտերի պետական գրանցամատյանը» ։
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ՝
• բարձրագույն կրթությունը ագրոէկոլոգիա, անտառային տնտեսություն, բույսերի պաշտպանություն, սելեկցիա-գենետիկա կամ կենսաբանություն մասնագիտությամբ,
• առնվազն երկու տարուց և ավել մասնագիտական աշխատանքային փորձ,
• համակարգչային ծրագրերի (Word, Excel,) հմուտ կիրառման գիտելիքներ,
• հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացություն ցանկալի է,
• էլեկտրոնային սարքավորումներից օգտվելու մշակում (սկան)
• բազմաբնույթ գործառույթների պատշաճ իրականացման և ժամկետների վերահսկման կարողության:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
175,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները)
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը հայերեն լեզվով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին` թեմայի դաշտում նշելով «Գյուղատնտես-սորտափորձարկող» հաստիքի անվանումը։ Հարցազրույցի վերաբերյալ կտեղեկացվեն միայն ցուցակագրված դիմորդները: Հարցերի համար կարող եք կապ հաստատել՝ 060 50 06 77 կամ 095 50 06 77 հեռախոսահամարին: