29/05/2026
Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում
📌 2026 թվականի մայիսի 28-ին և 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները «Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով հանդիպումներ են անցկացրել Երևանի 14 հանրակրթական դպրոցների շուրջ 50 մանկավարժների և դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների մասնակցությամբ:
Հանդիպումների ընթացքում կարևորվել է ծնողների և մանկավարժների առանցքային դերը երիտասարդների շրջանում կոռուպցիոն երևույթների նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորման, ինչպես նաև բարեվարքության արժեքների արմատավորման գործում։
Մասնակիցներին ողջունել է նաև Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, ով մասնակիցներին ներկայացրել է Հանձնաժողովի լիազորությունների շրջանակն ու գործունեության հիմնական ուղղությունները:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Կոռուպցիա» հասկացությունը, դրա հիմնական դրսևորումներն ու տեսակները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործիքակազմերին:
29/05/2026
Հարգելի՛ հայտարարատուներ,
ℹ️ Տեղեկացնում ենք, որ հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետով պայմանավորված՝ զանգերի հոսքը էականորեն ավելացել է, ինչն առաջացրել է տեխնիկական խնդիրներ, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հեռախոսահամարներին կատարվող զանգերը կարող են ընդհատվել։ Սպասարկող ընկերությունն արդեն իսկ իրականացնում է համապատասխան աշխատանքներ առաջացած խնդիրները վերացնելու ուղղությամբ։
Մինչև խնդրի վերջնական կարգավորումը, ձեր հարցերը կարող եք ուղղել համակարգում առկա չաթ-բոտի միջոցով կամ դրանք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
27/05/2026
📌 ՏԵՂԵԿԱՆՔ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ 20/05/2026-22/05/2026 թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ՝ 👉 https://shorturl.at/wucq8:
27/05/2026
Իրականացվել է բարեվարքության հարցերով կազմակերպիչների հերթական վերապատրաստումը բարեվարքության համակարգի տարրերի վերաբերյալ
🔗 Սույն թվականի մայիսի 21-ին և 22-ին «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ (այսուհետ՝ Հանձնաժողով) Եվրոպայի խորհրդի (ԵԽ) աջակցությամբ և ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, իրականացրել է երկօրյա վերապատրաստման դասընթաց հանրային իշխանության մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների համար՝ «Հանրային ծառայողների նկատմամբ կիրառելի բարեվարքության տարրերը» թեմայով:
Հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը մասնակիցներին ներկայացրել է բարեվարքության ներպետական համակարգը և ներպետական օրենսդրության կիրառելի նորմերն ու պրակտիկան: Իր հերթին զեկույցով հանդես է եկել և քննարկումները վարել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում միջազգային ճանաչում ունեցող՝ ԵԽ փորձագետ Վալց Կալնինսը՝ ներկայացնելով եվրոպական երկրների փորձը և ԵԽ վերաբերելի չափանիշները:
Դասընթացավարներն առանձին քննարկում նվիրել են հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց քաղաքական զսպվածության և քաղաքական չեզոքության հետ կապված կարգավորումներին՝ պատասխանելով նախընտրական շրջանում կարևորություն ներկայացնող սահմանափակումների վերաբերյալ մասնակիցների հարցերին:
Դասընթացին մասնակցել են բարեվարքության հարցերով 39 կազմակերպիչներ, ինչպես նաև Հանձնաժողովի աշխատակիցներ:
25/05/2026
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության այցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
📌 Մայիսի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը և հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Տիգրան Ծատուրյանը հանդիպում են ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավար Եվրոսիմա Պեյովիչի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Մարիամ Գալստյանը բարձր է գնահատել միջազգային դիտորդական առաքելությունների դերն ու գործունեությունը՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ընտրական գործընթացների թափանցիկության և հանրային վստահության բարձրացման գործում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության մեխանիզմներին, ինչպես նաև մտքեր են փոխանակել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ապահովմանն ուղղված գործիքակազմի և ինստիտուցիոնալ մեխանիզմների վերաբերյալ։
22/05/2026
📌 ՏԵՂԵԿԱՆՔ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ 15/05/2026-19/05/2026 թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ՝ 👉 https://shorturl.at/tnYyp։
20/05/2026
📌 ՏԵՂԵԿԱՆՔ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ 12/05/2026-14/05/2026 թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ` 👉 https://shorturl.at/culRL:
15/05/2026
📌 ՏԵՂԵԿԱՆՔ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ 07/05/2026-11/05/2026 թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ` 👉 https://surl.li/duioxe
Տեղեկանք պարունակում է նաև արդեն հրապարակված 04/05/2026-06/05/2026 թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ 4 կուսակցության մասով լրամշակված տվյալները, որոնք նախորդիվ չէին հրապարակվել՝ Հանձնաժողովում այդ տվյալները ստացված չլինելու պատճառով:
15/05/2026
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ
ℹ️ Հարգելի՛ հայտարարատուներ,
Հաշվի առնելով հայտարարագրերի ներկայացման օրենքով սահմանված վերջնաժամկետի մոտեցումը և հայտարարատուներից ստացվող մեծաթիվ հեռախոսազանգերը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանել է արտահերթ աշխատանքային գրաֆիկ։
Հայտարարագրման գործընթացի շրջանակներում անհրաժեշտ բովանդակային և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ Հանձնաժողովի աշխատակիցները առաջիկա երեք շաբաթների ոչ աշխատանքային օրերին՝ սույն թվականի մայիսի 16-ին և 17-ին, մայիսի 23-ին և 24-ին, ինչպես նաև մայիսի 30-ին և 31-ին (շաբաթ և կիրակի), կիրականացնեն հերթապահություն։
Անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար նշված օրերին՝ ժամը 09:00-ից 18:00-ն, կարող եք կապ հաստատել Հանձնաժողովի հետ՝ զանգահարելով 📞 012-77-77-19 կամ 012-77-77-21 հեռախոսահամարներով կամ հաղորդագրություն ուղարկել 📩[email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ հարցադրումներն ուղղել համակարգում առկա չատ-բոտի գործիքի միջոցով։
14/05/2026
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարզաբանումը նախընտրական շրջանում վարքագծի կանոնների կիրառման վերաբերյալ
🔗 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների պահպանմանը հետևելու իր մանդատի շրջանակներում, նախընտրական շրջանում շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները և դրանցից բխող աշխատանքները: Միաժամանակ, Հանձնաժողովը հարկ է համարում անդրադառնալ քաղաքական բանավեճի և նախընտրական շրջանում պաշտոնատար անձանց կարծիքի արտահայտման ազատության սահմաններին և Հանձնաժողովի կողմից կիրառվող չափանիշներին․
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ ընտրություններին նախորդող շրջանում հատկապես կարևոր է, որ բոլոր տեսակի կարծիքներն ու տեղեկատվությունն ազատ շրջանառվեն, և անխոչընդոտ իրացվի թեկնածուների արտահայտման ազատության իրավունքը։
● Հաշվի առնելով ՄԻԵԴ նախադեպային իրավունքը՝ Հանձնաժողովը որդեգրել է համապատասխան մոտեցումն առ այն, որ նախընտրական շրջանում ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամ հանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց խոսքը վարքագծի կանոնների տեսանկյունից կարող է ոչ իրավաչափ համարվել միայն բացառիկ դեպքերում՝ երբ այն հանգեցնում է հանրային իշխանության հեղինակազրկմանը, այն է՝
➢ գռեհկաբանությունների, հայհոյախոսությունների կիրառման դեպքում,
➢ բռնության կոչ, սպառնալիք կամ արդարացում պարունակող խոսքի դեպքում,
➢ ատելության խոսքի դեպքում։
● Միաժամանակ, նախընտրական շրջանում կարծիքի արտահայտման ազատության առավել լայն սահմանները պետք է կիրառելի լինեն ոչ թե ցանկացած խոսքի նկատմամբ, այլ միայն քարոզչական նպատակներով կամ քարոզչության շրջանակներում կատարված խոսքի նկատմամբ։
● Հաշվի առնելով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից ակտիվ քարոզչական գործունեության մեկնարկը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների պարագայում վարքագծի կանոնների մեկնաբանման իմաստով «նախընտրական շրջանը» մեկնարկած է համարվում ՀՀ նախագահի՝ ընտրությունները նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից։
Վերոգրյալ չափանիշները համահունչ են ՄԻԵԴ նախադեպային իրավունքին և նպատակ ունեն երաշխավորելու նախընտրական շրջանում տարատեսակ կարծիքների ազատ արտահայտումն ու շրջանառությունը, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձ չհանդիսացող քաղաքական գործիչների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ նախընտրական շրջանում հնարավորինս միատեսակ կանոնների կիրառելիությունը։
Այնուամենայնիվ, Հանձնաժողովն ընդգծում է, որ անգամ կարծիքի արտահայտման ազատության լայն սահմանների պարագայում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է հնարավորինս ձգտեն նախընտրական քարոզարշավի ընթացքում դրսևորել բարեկիրթ և հարգալիր վարքագիծ՝ խուսափելով այլոց արժանապատվությունը ոտնահարող խոսքի գործածումից։ Ըստ այդմ՝ Հանձնաժողովը կոչ է անում նախընտրական քարոզչություն իրականացնող՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դրսևորել հնարավոր զսպվածություն՝ խուսափելով հանրային իշխանությունը հեղինակազրկող վարքագծից։
Միաժամանակ, Հանձնաժողովը կոչ է անում լրատվամիջոցներին խուսափել Հանձնաժողովի կողմից քաղաքական բանավեճի ազատությունը երաշխավորելու նպատակով սահմանված վերոգրյալ չափանիշները շահարկելուց, դրանք միակողմանի կերպով լուսաբանելուց։