04/06/2026
📢 Սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում․ ներկայացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2027-2029թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշները, ծրագրային ուղղությունները, ֆինանսավորման շրջանակներն ու նոր նախաձեռնությունները։
Հանրային քննարկմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը, նախարարի տեղակալներ Արաիկ Եսայանը, Տաթևիկ Ստեփանյանը, Լուսինե Քոչարյանը, գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանը, ՄՍԾ պետ Ագնեսա Աղաբաբյանը, պետի տեղակալներ Արամ Միրիջանյանը, Լիանա Թովմասյանը, Աննա Բեգլարյանը, գլխավոր քարտուղար Դավիթ Մելիքյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նորարարության և կայուն ֆինանսավորման պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանը, նախարարության աշխատակիցներ, քաղհասարակության ներկայացուցիչներ։
📌 Նախարարի տեղակալներն իրենց ելույթներում ներկայացրել են առաջիկա երեք տարիների համար նախատեսվող հիմնական նպատակները՝ ընդգծելով սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացման, զբաղվածության խթանման, սոցիալական ծառայությունների հասանելիության ընդլայնման և խոցելի խմբերի աջակցությանն ուղղված միջոցառումների կարևորությունը։ Նրանք անդրադարձել են նաև ոլորտում իրականացվող բարեփոխումներին, արդյունքահեն բյուջետավորման սկզբունքներին և պետական միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությանը։
Անդրադարձ է կատարվել նաև կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, բնակապահովման պետական ծրագրերի, երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և մարդկանց թրաֆիքինգի ոլորտների թվայնացման գործընթացին, որի արդյունքում ներդրվելու է քաղաքացիների համար հարմարավետ, ժամանակ ու ռեսուրսներ խնայող էլեկտրոնային ծառայությունների գործիքակազմ։
✅ Միջնաժամկետ ծախսային ծրագրերի առաջնահերթությունների, ֆինանսավորման ուղղությունների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։
Հանրային քննարկումը կազմակերպվել էր ՄԱԶԾ նորարարության և կայուն ֆինանսավորման պորտֆելի աջակցությամբ․ գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի աշխատանքները դյուրինացնելու և դրա արդյունավետությունը բարձրացնելու գործընթացին:
01/06/2026
📌 ԱՍՀ նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը «Արմենպրես Podcast» նախագծում խոսել է երեխաներին տրամադրվող ծառայությունների, պետության հոգածության ներքո գտնվող երեխաների խնամքի կազմակերպման, խնամատարության ինստիտուտի զարգացման և ոլորտային մի շարք ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։
✅ Հղում՝ https://www.youtube.com/watch?v=_mISgnwjdVs&t=1s
01/06/2026
📢 Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանում անցկացված «Դպրոցական ավագանու» նիստին։
Միջոցառմանը մասնակցել են 9-րդ դասարանի 64 աշակերտներ, ովքեր մեկ օրով ստանձնել են Երևան քաղաքի ավագանու անդամների դերը և ներկայացրել զեկույցներ թմրամիջոցների օգտագործման և տարածման կանխարգելման, երեխաների ձայնը լսելի դարձնելու, աղբահանության, թափառող շների, ինչպես նաև շենքերի աղտոտվածության խնդիրների վերաբերյալ։
✅ Տաթևիկ Ստեփանյանը շնորհավորել է մասնակիցներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ և ընդգծել նրանց հիմնարար իրավունքների՝ զարգանալու, կրթություն ստանալու, պաշտպանված ու սիրված լինելու կարևորությունը։
Հարցուպատասխանի ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է երեխաներին հուզող հարցերին, քննարկել նրանց պատկերացմամբ Երևան քաղաքում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները։
27/05/2026
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվող բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով։
Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։ Համակարգողը պատասխանատու է ծրագրային գործողությունների արդյունավետ պլանավորման, իրականացման, մշտադիտարկման և համապարփակ վերահսկման համար։
📌 Ծրագրի համակարգողի (Project Coordinator) թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://mlsa.am/competition/188 ։
27/05/2026
📢 Բյուջետային գործընթացի կազմակերպման աշխատանքներում կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավումն ու մասնակցությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Եվրոպական Միության աջակցությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում։
Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանը, նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
📌 Նախարարության աշխատակիցները ներկայացրել են երեխաների, կանանց և մարդկանց թրաֆիքինգի, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտների 2027 թ․ բյուջետային գործընթացի, մասնավորապես՝ 2027-2029 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշները, բյուջետային հայտերի որակի գնահատման մեխանիզմներն ու արդյունքները, ինչպես նաև նոր նախաձեռնությունները։
Կարևորելով բյուջետավորման և ֆինանսական պլանավորման հարցում հասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը՝ բանախոսներն ընդգծել են, որ պետական ռեսուրսների արդյունավետ բաշխման գործընթացը կարևոր նախապայման է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց մատուցելու հասցեական և լիարժեք ծառայություններ։
✅ Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ ներկաները խոսել են մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնման, խնամքի կազմակերպման նոր գործիքակազմի, պետություն-քաղհասարակության համագործակցության ամրապնդման և այլ հարցերի շուրջ։
Հանրային քննարկումը կազմակերպվել էր ԱՍՀ նախարարության և Եվրոպական Միության համագործակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան (2-րդ փուլ)» ծրագրի շրջանակում։
27/05/2026
📌 ԱՍՀ նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը «Արմենպրես Podcast» նախագծում խոսել է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցների տրամադրման գործընթացների մասին։
✅ Հղում՝ https://www.youtube.com/watch?v=rdSD_D3Rzu0