04/06/2026
❗️Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ․ ԿԳՄՍՆ և ՆԳՆ նախաձեռնությունը
Մեր երկրում անվտանգ ճանապարհային երթևեկության մշակույթի ձևավորումը շարունակում է մնալ պետական կարևոր առաջնահերթություն։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ներքին գործերի նախարարության հետ համատեղ մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր։
Արդեն այս սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։
Խմբակի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կսովորեն․
✅ճանապարհային երթևեկության կանոնները
✅ճանապարհային նշանները և գծանշումները
✅լուսացույցի և կարգավորողի ազդանշանները
✅հետիոտնի և ուղևորի վարքականոնները
✅ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները
✅վարորդական գործնական հմտություններ և այլն:
Խմբակի մասնակցությունը 12-րդ դասարանում կարող է հանդիսանալ նաև վարորդական իրավունքի քննության համար նախապատրաստական դասընթաց, որի շնորհիվ սովորողները կարող են քննություն հանձնել և վարորդական վկայական ստանալ:
Կյանքի համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը, սովորողների գործնական կարողությունների և հմտությունների զարգացումը, առավել պատրաստված և պատասխանատու շրջանավարտների ձևավորումը կրթական համակարգի կարևոր խնդիրներից են։
Ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ գիտելիքներն ու վարքականոնը կարևոր ներդրում են շրջանավարտի՝ որպես քաղաքացու պատրաստման գործում, որը մեծապես կարող է նպաստել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանն ուղղված պատասխանատու և անվտանգ հանրային մշակույթի ձևավորմանը։
04/06/2026
Եվրոպական կրթական հիմնադրամի կազմակերպած «Նոր ուսուցում 2026» (New Learning Award 2026) միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Համայնքի նորարար լաբ» (Community Renewal Lab) նախաձեռնությունը, որն իրականացվել է ԿԳՄՍՆ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում, արժանացել է միջազգային ժյուրիի բարձր գնահատականին և ընդգրկվել լավագույն նախագծերի ցանկում։
Մրցույթին ներկայացվել էր ավելի քան 450 հայտ շուրջ 50 երկրից։
Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Հակոբ Հովհաննիսյանը հաջողությամբ ներկայացրել է նախագիծը՝ դառնալով մրցույթի եզրափակիչ փուլ անցած 9 լավագույն մասնակիցներից մեկը։
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Բրյուսելում, որտեղ տարբեր երկրների մասնագիտական կրթության ոլորտի ներկայացուցիչներ ցուցադրել են ուսուցման և ուսումնառության նորարարական մոտեցումներ՝ ուղղված առանցքային կարողությունների զարգացմանը, համայնքային ներգրավվածությանը, կրթության և իրական կյանքի միջև կապի ամրապնդմանը։
ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Սիրանուշ Մելոյանի խոսքով՝ այս ձեռքբերումը կարևոր էր միջազգային հարթակում Հայաստանի մասնագիտական կրթության համակարգը, իրականացվող նորարարական նախաձեռնությունները և հաջողված փորձը ներկայացնելու առումով։
Ավելին՝ https://escs.am/am/news/36847
04/06/2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է եղել դպրոցներում անվտանգ միջավայրի ապահովմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, ինչպես նաև ուսուցման գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցերի։
Ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ՝ https://shorturl.at/jIYiT:
04/06/2026
2026–2027 ուսումնական տարվա համար Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը «CyprusAid» զարգացման համագործակցության ծառայության հետ համատեղ հայտարարում է ամբողջական կրթաթոշակների մրցույթ, որին կարող են մասնակցել օտարերկրյա քաղաքացիները՝ Կիպրոսի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով։
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 12-ն է։
Կրթաթոշակային ծրագրին դիմելու պայմանները՝ կայքում ⤵ https://escs.am/am/news/36835
03/06/2026
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի շրջանակում Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի պատվիրակությունը հունիսի 3-4-ը հյուրընկալվում է Երևանում:
Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտներն այսօր համերգային ծրագրով ելույթ են ունեցել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում, այնուհետև մասնակցել են վարպետության դասերի:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է եղել է եղել համերգին և հետևել վարպետության դասերին. «Այս ծրագիրն ավելի խորքային իմաստ ունի. այստեղ առաջնային է մարդկային ներկայությունը՝ համագործակցությունը, միմյանց ճանաչելը, երեխաների շփումները: Սա նաև մեր երկիրը բացահայտելու և ճանաչելու ևս մեկ առիթ է, որովհետև լավ մասնագետ, այս դեպքում՝ լավ երաժիշտ դառնալու համար կարևոր են նաև մարդկային արժեքների յուրացումն ու հայրենասիրությունը»:
Ավելին՝ https://escs.am/am/news/36814
03/06/2026
ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում կարևոր քայլ է կատարվել․ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը ՀՀ կառավարության որոշմամբ համալրվել է նոր տարրերով՝ ընդգծելով ազգային մշակույթի բազմազանությունն ու կենսունակությունը։
Որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 12 նոր արժեքով՝ ընդհանուր թիվը հասցնելով 80-ի։
Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված արժեքները հայ ժողովրդի մշակութային ինքնատիպության, պատմական հիշողության և ազգային ինքնության կարևոր արտահայտություններն են։ Դրանց պահպանումը, փոխանցումն ու հանրահռչակումը կարևոր դեր ունեն սերունդների միջև մշակութային շարունակականության ապահովման և միջազգային մշակութային հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։
Նոր ընդգրկված տարրերի ցանկը՝ https://escs.am/am/news/36813
03/06/2026
Լույսերի տաճարը․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գեղարվեստական լուսավորության նոր համակարգ ունի։ Նախօրեին «Լույսերի տաճարը» խորագրով մշակութային միջոցառման ընթացքում վառվել են տաճարի նոր լույսերը՝ միավորելով պատմության և մշակույթի բացառիկ կոթողի անցյալի ու ներկայի խորհրդանշական սահմանները։
Լույսերի վառման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, բազմաթիվ հյուրեր։
Զվարթնոց տաճարի լուսավորության նախագծի շուրջ մասնագետներն աշխատել են մոտ երեք տարի: Նախագիծն իրականացրել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը․ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 26 մլն 205 հազար դրամ (19 մլն 800 հազար դրամ՝ պետական բյուջեից, 6 մլն 405 հազար դրամ՝ ՊՈԱԿ-ի արտաբյուջեից)։
Պատմամշակութային արգելոց֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը նշել է, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում վերջին երեք տարիներին պետական միջոցներով մոտ 170 միլիոն դրամի ներդրում է իրականացվել. ամբողջությամբ փոխվել են սալահատակը, ոռոգման համակարգը, վերականգնվել է հնձանը, նորոգվել է Զվարթնոցի թանգարանի շենքի տանիքը, իրականացվել է լուսավորության նախագիծը, նախատեսվում են նաև այլ աշխատանքներ:
Նրա խոսքով՝ կատարված աշխատանքները միտված են հուշարձանի պահպանմանը և հանրահռչակմանը․ 2026 թվականի առաջին կիսամյակում, 2025-ի առաջին կիսամյակի հետ համեմատ, մոտ 15%-ով ավելացել է այցելուների թիվը:
Ավելին՝ https://escs.am/am/news/36810