Home
>
Armenia >
Yerevan >
Երևանի Մնջախաղի Պետական Թատրոն | Yerevan State Pantomime Theatre
Երևանի Մնջախաղի Պետական Թատրոն | Yerevan State Pantomime Theatre
Share
Հիմնադրվել է 1974թ | Since 1974
Մնջախաղի ավանդույթը Հայաստանում դարերի պատմություն ունի: Ե՛Վ գրավոր աղբյուրներում, և՛ ձեռագիր մատյաններում կարելի է հանդիպել մնջախաղի դերասանների` կատակների, վարձակների, գուսանների, հուշկապարիկների մասին բազմաթիվ վկայությունների: Նոր ժամանակներում մնջախաղի արվեստի վերազարթոնքը մեր իրականության մեջ անշուշտ կապվում է անվանի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անվան հետ: Երևանցիների հիշողության մեջ
դեռ թարմ են այս զարմանալի ծաղրածուի մնջախաղային երեկոները` բարություն քարոզող լուսավոր մանրապատումները:
Որպես կոլեկտիվ բեմարվեստ մնջախաղի թատրոնի ծննդյան ազդաղողանջը հնչել է 1969 թվականին: Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ուսանող Հենրիկ Պողոսյանը՝ հրապուրվելով մնջախաղի ժանրով ստեղծեց «Տուշպա» թատերախումբը և մանրապատումների ծրագրով 1969 թ. գարնանը դարձավ հանրապետության ուսանողական գարուն փառատոնի դափնեկիր: Թատրոնը գործում էր Հայաստանի Արվեստի Աշխատողների Տանը: Բեմադրվեցին Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն», Հ. Պողոսյանի «Շարժիր ժամանակ» և այլ ներկայացումներ:
1972թ. Հ. Պողոսյանը ներկայացում բեմադրելու համար թատրոն է հրավիրում Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետի ուսանող Արսեն Փոլադովին: Ա. Փոլադովն արդեն ավարտել էր Պետական կինոինստիտուտին կից մնջախաղի երկամյա դասընթացները, որը ղեկավարում էր ռուս անվանի մնջախաղաց Ա. Ռումնևը և համարվում էր մնջախաղի լավագույն մասնագետներից մեկը: Սակայն իրադարձությունները այնպես զարգացան, որ Հ. Պողոսյանը թողեց թատրոնը և խումբը ցրվեց: Արդեն Երևան ժամանած Ա. Փոլադովը ստիպված եղավ ամեն ինչ սկսել նորից: Կարճ ժամանակահատվածում ամբողջովին նորացված կազմով, որի մեջ ընդգրկված էին Նունե Օգանեզովան, Սամվել Աղաբալյանը, Լևոն Իվանյանը, Լևոն Հովսեփյանը, Կարինե Շահինյանը, Ռուզան Բանդուրյանը, Ստեփան Շահինյանը և ուրիշներ, թատերախումբը բեմադրեց Վ. Սարոյանի «Սովյալներ» մնջախաղային ներկայացումը և մի շարք մանրապատումներ: 1974թ. մայիսի 18-ին Հայաստանի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհրդի և մշակույթի անվանի գործիչների ներկայությամբ թատերախումբը ցուցադրեց իր անդրանիկ ամբողջական ներկայացումը, ճանաչվեց որպես պրոֆեսիոնալ կոլեկտիվ և ընդգրկվեց Հայհամերգի կազմում: 1983թ. թատրոնը ստացավ պետական կարգավիճակ:
1993թ. դեկտեմբերին Արսեն Փոլադովի առաջարկով թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում Յուրի Կոստանյանը, որը սկսել էր զբաղվել մնջախաղով դեռևս 70-ականների սկզբին` Կաունասում, լեգենդար Մոդրիս Տենիսսոնի մոտ: Սկսվում է մի գործընթաց, որը կարելի է բնութագրել որպես սերնդափոխություն և ինչպես ցանկացած փոփոխություն`ընթանում է դժվարությամբ: Հրավիրվում են նոր, երիտասարդ դերասաններ, բեմադրիչներ:
1998թ. մարտին Յուրի Կոստանյանի առաջարկով թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում Ժիրայր Դադասյանը: Այս շրջանը առանձնանում է և նոր արտահայտչաձևերի ինքնահաստատման և խաղացանկի ձևավորման առումով: Թատրոնը նորից սկսում է հյուրախաղերով հանդես գալ արտերկրում:
2001թ. թատրոնը կազմակերպեց «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնը, որը անկախ Հայաստանի առաջին միջազգային թատերական փառատոնն էր: 2008 թ. թատրոնը Ծաղկաձորում կազմակերպեց Մնջախաղի միջազգային փառատոն, որն այսուհետ անցկացվում է երկու տարին մեկ: 2010 թ.-ին փառատոնը կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով, և 2012 թ.՝ հերթական Մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակներում, Ծաղկաձորի կենտրոնական Ծաղկունյաց հրապարակում տեղադրվեց մեծանուն արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը: 2014թ. անցկացվեց Մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը, և ծրագրում ընդրկվեց նաև ավազանկարչություն, աճպարարություն, կենդանի արձան: 2008, 2010, 2012, 2014, 2016, 2017, 2019թթ.-ին անցկացված փառատոների շրջանակներում մասնակցել են թատերախմբեր և անհատ կատարողներ Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից, Լեհաստանից, Դանիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, Բանգլադեշից, Ուկրաինայից, Իրանից, Թայլանդից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Արգենտինայց, ինչպես նաև հայկական թատերական, կրկեսային խմբեր, նվագախմբեր, հրե շոոուներ, երիտասարդական խմբեր: Ներկայացումներն անցկացվում են հենց փողոցում կամ հրապարակում տեղադրված բացօթյա բեմում և անվճար են հանդիսատեսի համար: 2017 թվականիմայսի 4-ին ՀՀ Կառավարության Որոշմամբ թատրոնին հանձնվեց սեփական տարածք՝ Գևորգ Քոչար 21 հասցեում:
Կիմա Գալստյան
Հասարակայնության հետ կապերի պատասխանատու (PR Manager)
Հեռ․՝ (+374) 77 50 50 06
Էլ. Հասցե՝ [email protected]
02/06/2026
📆 Հունիսի 2-ից 15-ը📍Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվում է The Black Box 20-րդ միջազգային փառատոնը, որի հոբելյանական պաշտոնական բացումն այսօր կազդարարի մեր «Խալի» բեմադրությունը։
Հատկանշական է, որ «Խալի»-ն կներկայացվի Պլովդիվի դրամատիկական թատրոնում, որը հիմնադրվել է 1881 թվականին և համարվում է Բուլղարիայի առաջին պրոֆեսիոնալ թատրոնը։
Ավելի քան 140 տարի այն եղել է երկրի մշակութային կյանքի կարևոր կենտրոններից մեկը՝ ձևավորելով բուլղարական թատերարվեստի պատմությունն ու հյուրընկալելով միջազգային հեղինակավոր նախագծեր🎭
♥️Մեզ այսօր հաջողությո՜ւն
02/06/2026
Այսօր Մնջախաղի Թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանի ծննդյան օրն է 🎉
❤️Թատրոնի ողջ անձնակազմը սիրո՜վ շնորհավորում է
01/06/2026
Ուղևորվում ենք 📍Պլովդիվ՝ հայկական անանուն գորգի պատմությունը հանդիսատեսի դատին հանձնելու նաև 🇧🇬բուլղարական բեմում։🤞🏻
01/06/2026
🎉Շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 👧👦🎈
31/05/2026
🕊Ինչպես Նկարել Թռչուն
հիմքում՝ Ժակ Պրևերի բանաստեղծությունները
❕❕Ներկայացման համար գործում է դպրոցական աբոնեմենտային համակարգը
🎨Եվ քնարապոչ թռչունը խաղում է,
Եվ Երեխան երգում է,
Եվ ուսուցիչը գոռում է.
—Ե՞րբ եք վերջացնելու այս կրկեսը
Բայց բոլոր երեխաները լսում են քնարապոչի երաժշտությունը…
Եվ դասարանի պատերը դանդաղ փլվում են,
Եվ պատուհաններն ավազ են դառնում,
Թանաքը՝ ջուր,
Գրասեղանները՝ ծառեր,
Կավիճը դառնում է ժայռ,
Եվ գրչի փետուրը թռչուն է դառնում…
Հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Ժիրայր Դադասյան
Ռեժիսոր՝ Իննա Հախնազարյան
📲❌16+ Պսիխոդրամա այն մասին, թե որքան ենք հեռացել օֆլայն կյանքից, եւ անդադար օնլայն լինելով, չենք նկատում ամենակարևորը. մենք կորցրել ենք իրար զգալու հատկությունը...
Ներկայացման հերոսները փորձում են ցույց տալ՝ որքան վտանգավոր կարող է լինել անկենդան շփման քառակուսում հայտնվելն ու փնտրում են դեպի իրական կյանք եւ էմոցիաներ տանող ելքեր...
Ցնորք է ցոլում օրնիբուն,
Բարք է սփռում ամենուր,
Արգելք չկա, ցնորքն է տերն ու տիրակալը,
Այն ոչնչին էր սպասում։
Ոչնչի մեջ կա հարատեւ խենթ ակնթարթ։
Ինչ որ ունենք մերը չէ, ոչնչինն է ամենը....
Հեղինակ և բեմադրիչ՝ Յուրի Կոստանյան
Երաժշտական ձևավորում՝ Անուշ Գրիգորյան
Դերերում՝ Յուրի Կոստանյան և Անուշ Գրիգորյան
25/05/2026
Հյուսիսային Մակեդոնիայում փայլելուց հետո «Դեպի Ներսը» կրկին Երևանյան բեմում է😍
Ըստ հին լեգենդներից մեկի Աստված մեղսավոր մարդուն, հատկապես կնոջը պատժելու համար երկնքից գայլի մորթի է նետում: Կինը վերափոխվում է մարդագայլի ու այդպես կրում իր պատիժը մինչ ապաշխարելը: Նա անվերջ ձգտում է լույսի, յուրաքնչյուր փորձ հանդիպում է փակուղու… դեռ ժամանակը չէ …Իսկ ե՞րբ է գալու այդ ժամանակը… Երբ իրապես թոթափի մարմնի ու իր ներսի ծանրությունը։
🎭Բեմադրիչ և դերակատար՝ Նաիրա Եդիգարյան
23/05/2026
📆Հունիսի 2-ից 15-ը 📍Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի կունենա The Black Box 20-րդ միջազգային փառատոնը, որի հոբելյանական պաշտոնական բացումը կազդարարի մեր «Խալի» բեմադրությունը։
Այնպես որ հայկական անանուն գորգի պատմությունը շատ շուտով արդեն կհանձնենք հանդիսատեսի դատին նաև 🇧🇬բուլղարական բեմում։🤞🏻
Բեմադրիչ-խորեոգրաֆ՝ Ռիմա Պիպոյան
🎶Երաժշտություն՝ Հայկ Կարոյի, կատարումները՝ «Խազեր» երգչախմբից