05/06/2026
2026 թվականի մայիսի 29-30-ը Սահմանադրական դատարանում կայացավ «Սահմանադրական արդարադատության և խոսքի ազատության վերաբերյալ դատախաղ-մրցույթի» բանավոր լսումների փուլը՝ ամփոփելով ծրագրի կրթական և մրցութային բաղադրիչները։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ողջունելով դատախաղ-մրցույթի բանավոր փուլի մասնակիցներին, նշեց որ դատախաղ-մրցույթը ապագա իրավաբանների համար հնարավորություն է ընձեռում գործնական միջավայրում կիրառելու իրենց գիտելիքները, զարգացնելու սահմանադրական դատավարության, իրավական վերլուծության և բանավոր ներկայացման հմտությունները, ինչպես նաև խորացնելու պատկերացումները խոսքի ազատության և սահմանադրական արդարադատության հիմնարար արժեքների վերաբերյալ։
Արման Դիլանյանն ընդգծեց, որ Սահմանադրական դատարանը բարձր է գնահատում մրցույթի մասնակիցների, դատավորների, փորձագետների և գործընկեր կազմակերպությունների ներդրումը ծրագրի հաջող իրականացման գործում և վերահաստատում է իր հանձնառությունը իրավական կրթության և սահմանադրական մշակույթի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական աջակցությանը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն:
Մրցույթին մասնակցեցին ութ թիմեր՝ Հանրապետության վեց բուհերից. Երևանի պետական համալսարանից, Պետական կառավարման ակադեմիայից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Եվրոպական համալսարանից: Բանավոր լսումների ընթացքում մասնակիցները ներկայացրեցին պայմանական գործով իրենց իրավական դիրքորոշումները՝ հանդես գալով որպես դիմող և պատասխանող կողմեր, պատասխանեցին դատախաղի դատավորների հարցերին՝ ի ցույց դնելով սահմանադրական իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների վերաբերյալ իրենց գիտելիքները, իրավական փաստարկման և բանավոր խոսքի իրենց հմտությունները։
Դատախաղի առաջին օրը՝ մայիսի 29-ին, նախնական լսումների արդյունքում եզրափակիչ փուլ անցած թիմերը մայիսի 30-ին մասնակցեցին մրցույթի եզրափակիչ դատալսմանը։
Դատախաղի դատական կազմի կողմից մասնակիցների գիտելիքների, մասնագիտական պատրաստվածության և դատախաղային հմտությունների գնահատման արդյունքներով մրցանակներ հանձնվեցին հինգ անվանակարգերում: Առաջին և երկրորդ մրցանակները շնորհվեցին համապատասխանաբար՝ Հայ-ռուսական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմերին: «Լավագույն բանախոս» անվանակարգում մրցանակը կիսեցին Ինգա Բեգլարյանը (Հայաստանում ֆրանսիական համալսարան) և Լուսինե Վարդանյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան), «Լավագույն գրավոր դիմում» անվանակարգում մրցանակ ստացավ Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմը, «Լավագույն գրավոր պատասխանի» համար՝ Հայ-ռուսական համալսարանի «Արատտա» թիմը:
Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր՝ որպես ծրագրին ներգրավվածության և ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների հավաստում։
⚖️ Դատախաղը կազմակերպվել է ՀՀ Սահմանադրական դատարանի, Հայաստանի միջազգային իրավունքի միության և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և արդարադատության համագործակցության վարչության (DGI) կողմից՝ Եվրոպայի խորհրդի՝ 2023-2026թթ․ Հայաստանի գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» և «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրերի շրջանակներում:
Բոլոր մանրամասներն ու լուսանկարները՝ 👇հղումով
https://concourt.am/news/single/kayats-av-sahmanadrakan-ardaradatowt-yan-ev-khosk-i-azatowt-yan-veraberyal-datakhagh-mrts-owyt-e
04/06/2026
2026 թվականի հունիսի 4-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) և գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը՝ բելգիացի պատգամավոր, նախկին նախարար և պետքարտուղար Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ ։
Պատվիրակության կազմում էին Սենեգալի Սահմանադրական խորհրդի փոխնախագահ Ամինատա Լի Նդիայը, Նյու Բրանսուիկի կառավարության և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ Բենուա Բուրքը, Մոլդովայի Տեսալսողական խորհրդի փոխնախագահ Անետա Գոնտան, ընտրական հարցերով փորձագետ Էյրինի Մարիա Գունարին (Հունաստան), առաքելության զեկուցող Շառլոտ-Ֆարա Սուիբը (Ֆրանսիա), Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության գլխավոր վերլուծաբան Դավիդ Բոնգարը, ՖՄԿ քաղաքական հարցերի տնօրինության ծրագրի պատասխանատու Էժենի Ֆուրնեն:
Ողջունելով հյուրերին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ձևավորված գործընկերային համագործակցությունը և ընդգծել միջազգային փորձի փոխանակման նշանակությունը սահմանադրական արդարադատության և ժողովրդավարական կառավարման զարգացման համատեքստում։
Հյուրերի խնդրանքով ՍԴ նախագահ Արման Դիլանյանը և ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական վերահսկողության իրականացման առանձնահատկությունները, Սահմանադրական դատարանի լիազորությունները, ինչպես նաև վերջին տարիներին դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների նշանակությունը սահմանադրականության ապահովման և հիմնարար իրավունքների պաշտպանության գործում։
Պատվիրակության անդամները հետաքրքրվել են Սահմանադրական դատարանի գործունեության կազմակերպման առանձնահատկություններով, սահմանադրական գանգատի ինստիտուտի կիրառման փորձով, ինչպես նաև ընտրական և տեղեկատվական գործընթացների իրավական կարգավորման հարցերով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման և պետական ինստիտուտների կայուն գործունեության ապահովման հարցերին։
Կողմերը մտքեր են փոխանակել ժամանակակից ժողովրդավարությունների առջև ծառացած մարտահրավերների, սահմանադրական դատարանների դերի և անկախ դատական իշխանության կարևորության վերաբերյալ։
29/05/2026
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՐՄԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 237-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՎԵՐՋԻՆԻՍ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
https://concourt.am/decision/decisions/6a197d9971120_sdv-1830.pdf
27/05/2026
«Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հրավերով 2026 թվականի մայիսի 21-22-ը Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Նաիրա Հովհաննիսյանը, որպես Վենետիկի հանձնաժողովում Սահմանադրական դատարանի լիազոր ներկայացուցիչ (կապի պատասխանատու), աշխատանքային այցով մեկնել է Խորվաթիայի Հանրապետություն` մասնակցելու Զագրեբում կայանալիք Սահմանադրական արդարադատության միացյալ խորհրդի 22-րդ նիստին։
Նիստի նպատակն է ապահովել կապի պատասխանատուների և Վենետիկի հանձնաժողովի անդամների միջև տեղեկատվության և փորձի փոխանակումը՝ սահմանադրական դատարանների միջև շարունակական մասնագիտական երկխոսության և համագործակցության զարգացման նպատակով։
Նիստի ընթացքում Նաիրա Հովհաննիսյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի փորձն ու մոտեցումները սահմանադրական արդարադատության ոլորտում։
Սահմանադրական արդարադատության միացյալ խորհրդի 22-րդ նիստին նախորդել է «Սահմանադրական բողոքի մեխանիզմների ապագան» թեմայով խորհրդաժողովը, որի շրջանակում քննարկվել են սահմանադրական արդարադատության արդիական մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։
27/05/2026
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ
«ՍՏՈՐՋՐՅԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՅՈՒՆԵՍԿՕ-Ի 2001 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
https://concourt.am/decision/decisions/6a1691d00b56c_sdv-1829.pdf
21/05/2026
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ
ՍԵՐԺ ՅՈՎՆԱՆԵԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
https://concourt.am/decision/decisions/6a0f05b800857_SDV-1828.pdf
21/05/2026
2026 թվականի մայիսի 20-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և արդարադատության համագործակցության վարչության ղեկավար Լիլյա Գրետարսդոտտիրի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ ՍԴ նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև սահմանադրական արդարադատության ոլորտներում իրականացվող գործընթացներում։ Արման Դիլանյանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրվել Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների մի շարք ուղղություններով։
ԵԽ Մարդու իրավունքների և արդարադատության համագործակցության վարչության ղեկավար Լիլյա Գրետարսդոտտիրը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Սահմանադրական դատարանը շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի վստահելի գործընկերը, և վերահաստատել է արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, նախանշվել հետագա անելիքները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։
19/05/2026
2026 թվականի մայիսի 18-ին Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի իրավագիտության բաժնի ուսանողները։ Ուսանողներին ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։
Հանդիպման ընթացքում ՍԴ նախագահը ներկայացրել է Սահմանադրական դատարանի առաքելությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու սահմանադրական արդարադատության համակարգում Բարձր դատարանի առանցքային դերակատարությունը։ Արման Դիլանյանն առանձնահատուկ ընդգծել է սահմանադրական վերահսկողության նշանակությունը ժողովրդավարական պետության կայացման, իրավունքի գերակայության ապահովման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում։
ՍԴ նախագահը պատասխանել է նաև ուսանողների հարցերին:
Արման Դիլանյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը կարևորում է երիտասարդների հետ անմիջական հաղորդակցությունն ու նման ձևաչափով հանդիպումները՝ դրանք դիտարկելով որպես արդյունավետ հարթակ մասնագիտական երկխոսության և ապագա իրավաբանների հետ փորձի փոխանակման համար։
18/05/2026
❗⚖️ Տեղեկացնում ենք, որ «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» պարբերականի 1(122) 2026 համարը արդեն հասանելի է հետևյալ հղումով՝https://concourt.am/pdf/uploads/6a0ff81baff08_Teghekagir-1.122.2026.pdf