01/06/2026
Սիրելի՜ մանուկներ,
Այսօր ձեր տոնն է, և այդ առիթով իմ ամենաջերմ մաղթանքներն եմ հղում ձեզ. առողջ լինեք, ապրեք խաղաղ ու ապահով հայրենիքում և սիրով լի ընտանիքներում, հնարավորություն ունենաք լիարժեք վայելելու մանկության անհոգ տարիները։
Թող ձեր օրերը լցված լինեն ժպիտներով ու ջերմությամբ, իսկ ձեր երազանքները միշտ ունենան թևեր ու հավատ՝ իրականություն դառնալու համար։
Յուրաքանչյուր երեխա արժանի է ապրելու խաղաղ, անվտանգ և պաշտպանված միջավայրում, ստանալու որակյալ կրթություն և ունենալու իր տաղանդն ու կարողությունները լիարժեք բացահայտելու հնարավորություն։
Մեր պարտքն է ստեղծել այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուր երեխայի իրավունքները կլինեն պաշտպանված, իսկ նրա արժանապատիվ ապագան՝ երաշխավորված։
Սիրելի՛ երեխաներ, միշտ պահպանեք ձեր սրտերի բարությունը, հավատն ու սերը:
Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
28/05/2026
Հանրապետության տոնն իր մեջ կրում է մեր ժողովրդի մեծ հաղթանակների և ազգային արժանապատվության գաղափարը։ Այս օրը հենց դրա մասին է՝ չմոռանալ պատմական անցյալը, չդավաճանել ազգային ինքնությանը և չուրանալ այն հերոսական ճանապարհը, որով մեզ հասավ անկախ պետականությունը։
Այսօր Հանրապետության օրը նշում ենք չափազանց բարդ ու ճակատագրական պայմաններում։ Այժմ, երբ փորձ է արվում արժեզրկել ազգային ու հոգևոր հիմնասյուները, կասկածի տակ դնել մեր պատմությունը, փոխել մեր ինքնության խորհրդանիշները և հասարակությանը հեռացնել իր արմատներից, հայ ժողովուրդը պարտավոր է վեր հառնել՝ ապացուցելու, որ ժամանակավոր իշխանությունները չեն կարող մարել իսկական հայ լինելու հավաքական կամքը։
Զինանշանը, օրհներգը, պատմական հիշողությունն ու ազգային արժանապատվությունը քաղաքական ճաշակի հարց չեն․ դրանք մեր պետականության ողնաշարն են։ Եվ այն ժողովուրդը, որը հրաժարվում է իր արժեքներից, վաղ թե ուշ կանգնում է պետականության կորստի վտանգի առաջ։
Շնորհավոր Հանրապետության օրը, իմ ժողովուրդ։
Հիշե՛ք, որ, այո՛, մենք արժանի ենք մեզ Հանրապետություն ժառանգած հերոսների հետնորդը լինելու։ Իսկ դա նշանակում է մեկ բան՝ պաշտպանել հայ ժողովրդի ինքնությունը, պահպանել մեր պետությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանի Հանրապետության։
Մանե Թանդիլյան - Mane Tandilyan
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
26/05/2026
Տարբեր մարդիկ՝ լրագրողներ, գերիների հարազատներ, ուղղակի սովորական մտահոգ քաղաքացիներ, ինձ հաճախ են հարցնում, թե իշխանությունները ինչ են անում հայ գերիներին Բաքվի բանտերից վերադարձնելու համար։ Իրենք հարցն այդպես են ձևակերպում, որովհետև մտածում են, որ իշխանությունները ինչ-որ բան անում են, ուղղակի որովհետև չեն կարող չանել՝ մտածում են նրանք։
Հաճախ փորձում եմ նրբանկատորեն բացատրել այդ ակնհայտ անգործության հանգամանքը, որ չխեղեմ նրանց ակնկալիքներն ու պատկերացումներն իրենց հայրենի երկրից, պետությունից, չխորացնեմ նրանց հիասթափությունը։
Երեկ ԱԳ նախարար Միրզոյանն անթաքույց ցուցադրեց այս կառավարության վերաբերմունքն ու անգործությունը գերիների վերադարձի հարցի կապակցությամբ, լրագրողի հարցին ի պատասխան ասելով, թե՝ ծնգլ արեցիք ․․.
Ու էս «ծնգլահան» եղած դեմքով մարդն այդ հարցերով զբաղվելու անմիջական պատասխանատու պաշտոնյան է, ով միլիոններով պարգևավճարներ է ստացել իր աշխատանքը «լավ» կատարելու համար՝ ըստ Նիկոլ Փաշինյանի։
Այո՛, լավ էլ կատարել է. Բաքվի բանտերում հայ գերիների առկայությունը վկա ․․․
26/05/2026
Թալին համայնքի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը հակահայ հայտարարություն է արել՝ «քարոզարշավի» շրջանակում թիրախավորելով և բացահայտ սպառնալով բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին։
Լսո՞ւմ եք՝ սպառնում է, թե՝ «Էս պահվածքով երկար չեք ապրելու Հայաստանի Հանրապետությունում»։
Ասում է բազամազավակ, բռնի տեղահանված կնոջը, ով, ինչպես իրենք են սիրում կրկնել․ «տնավորվել» է Հայաստանի Հանրապետությունում։
Ասում է միայն այն պատճառով, որ մարդն անտարբեր է իր քարոզչության նկատմամբ։
Հետաքրքիր է, ո՞ւմ համար եք տեղ ազատում՝ արցախցիներին սեփական հայրենիքից վտարելու սպառնալիքներով։
Ես հասկանում եմ, որ դուք շատ հրապուրված եք 300 հազար ադրբեջանցիների վերադարձով ու լծված եք նրանց համար հարմարավետ պայմաններ ստեղծելու գաղափարին, բայց հիշե՛ք՝ Հայաստանը ձեր անձնական կալվածքը չէ, որ կարողանանք ձեր հակահայկական տենդագին երազանքներն իրականացնել։
Ոչ մի պատահական պաշտոնյա, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով մեկը, իրավունք չունի սեփականատիրոջ կեցվածքով հայտարարություններ անել, թե ով կարող է ապրել կամ չապրել իր հայրենիքում։
Արցախցին իր տանն է, իր հայրենիքում, և նրա՝ Հայաստանում ապրելու իրավունքը սակարկման ենթակա չէ։
Սեփական ժողովրդին թշնամի համարող ու Ադրբեջանի նախանշած նպատակներին կամա թե ակամա ծառայող ցանկացած պաշտոնյա պետք է հասկանա՝ հունիսի 7-ից հետո դեռ ապրելու ենք, ձեր իշխանությունը գնալու է, իսկ ձեր արած հայտարարությունների ու հակահայկական քայլերի համար պատասխանատվությունն անխուսափելի է լինելու։
Այսօր թիրախավորում են արցախցուն, վաղը՝ յուրաքանչյուր քաղաքացու, ով կհամարձակվի ունենալ կարծիք, հիշողություն ու արժանապատվություն կամ անհամաձայնություն հայտնել ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելուն։
Ձեր բարոյական սնանկությանը վերջ լինելու է, և դա լինելու է հունիսի 7-ին՝ արժանապատիվ հայի քվեարկությամբ։
Ո՛Չ ՄԻ ՁԱՅՆ ՔՊ-ին
Արաքսյա Գրիգորյան/Araqsya Grigoryan
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ
Դեպքի տեսագրությունը՝ մեկնաբանություններում