10/15/2026
https://m.facebook.com/story.php?story_fbid=122141565405237730&id=61587131909299&mibextid=wwXIfr
📍Ո՞վ էր այն հայը, որը Մուսա Լեռան հերոսամարտից հետո դարձավ Այնճարի հիմնադիրը:
📍Մովսես Տեր-Գալուստյանը ծնվել է Մուսա լեռան Յողունոլուք գյուղում՝ 1895 թվականին։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում՝ հաճախելով տեղի «Խրիմյան» վարժարանը։ Ուսումը շարունակել է Հալեպում, որից հետո վերադարձել է գյուղ և սկսել զբաղվել ուսուցչությամբ։
📍Անանիա Վիրավորեանի հետ նա ձեռնամուխ է եղել կուսակցական գործունեությանը։ Կազմավորվել է ՀՅԴ-ի տեղական կորիզը, որը հետագայում մեծ դեր է ունեցել 1915 թվականի հերոսամարտի ընթացքում։
📍Մովսես Տեր-Գալուստյանը Մուսա լեռ բարձրանալու և ինքնապաշտպանության դիմելու գաղափարի առաջին պաշտպաններից էր։ Հերոսամարտի վարչական մարմնի կողմից ընտրվել է զինվորական վերահսկիչ։ Հերոսամարտի ընթացքում նրա դերակատարությունը մեծ էր․ նա դարձել է դրա զինվորական ղեկավարը։
📍Պորտ Սաիդում նա եղել է հայկական լեգեոնի հիմնադիրներից մեկը և շուտով ստացել փոխգնդապետի աստիճան։ Նշանակալի ներդրում է ունեցել Արարայի ճակատամարտի հաղթանակում։
📍Եգիպտոսում համագործակցել է «Յուսաբեր» թերթի հետ՝ Ա. Լեյլանի ծածկանունով։ 1928 թվականին հրատարակել է իր առաջին գրքույկը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել նրա անձի նկատմամբ։
📍Ֆրանսիական մանդատի ժամանակաշրջանում Մովսես Տեր-Գալուստյանը եղել է Մուսա լեռան շրջանի կառավարիչը՝ երկար տարիներ մեծապես օգտակար լինելով տեղի հայությանը։ Փաստորեն, նա համայնքի ղեկավար էր, կուսակցական գործիչ և կրթական աշխատանքի շարժիչ ուժ։ Ընտրվել է պատգամավոր՝ Սիրիայի խորհրդարանում Իսկենդերունի սանջակի հայությանը ներկայացնելու համար։
📍1939 թվականին մուսալեռցիները հարկադրված լքել են իրենց հայրենի գյուղերը։ Մովսես Տեր-Գալուստյանը մեծ աշխատանք է կատարել մուսալեռցիների համար նոր ապաստան ապահովելու ուղղությամբ և, ըստ էության, դարձել Մուսա լեռան հայության նոր բնակավայրի՝ Այնճարի հիմնադիրը։
📍1939 թվականից հետո Մովսես Տեր-Գալուստյանի գործունեության հիմնական դաշտը եղել է Լիբանանը, որտեղ նա 1943–1972 թվականներին ընտրվել է պատգամավոր։ Երեք տասնամյակ շարունակ, միաժամանակ ընդգրկված լինելով կուսակցության բարձրագույն մարմիններում և Համազգայինի կենտրոնական վարչությունում, նա մեծ դեր է ունեցել լիբանանահայ գաղութի կազմավորման և զարգացման գործում։
📍Նա եղել է Կիլիկիո կաթողիկոսության ջերմեռանդ պաշտպաններից մեկը և ՀՅԴ-ի միջոցով իր ամբողջ կյանքը նվիրել է հայությանը՝ անշեղորեն հետևելով կուսակցության ծրագրին ու քաղաքական ուղեգծին։ Գործել է դաշնակցականի անկաշառ հավատով և հայության գերագույն շահերին ծառայելու վճռականությամբ։
📍Մովսես Տեր-Գալուստյանը մահացել է 1984 թվականին՝ Բեյրութում, և թաղվել Բուրջ Համուդի ազգային գերեզմանատանը։
📍1998 թվականին Մովսես Տեր-Գալուստյանի աճյունը տեղափոխվել է Այնճար և իր հավիտենական հանգիստն է գտել Մուսա լեռան հերոսներին նվիրված հուշահամալիրի կողքին՝ Արթո Չաքմաքչյանի կերտած կիսանդրու պատվանդանի տակ։
Լուսանկարը` Մովսես Տեր-Գալուստյան